Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խորհրդակցություններ է անցկացնում Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների հանդիպման կազմակերպման վերաբերյալ՝ հայտնել է ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի ներկայացուցիչ Մևլյութ Չավուշօղլուն։ Նա հույս է հայտնել, որ հանդիպումների արդյունքում հնարավոր կլինի հասնել կոնկրետ արդյունքների։               
 

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար

Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ է լինելու ոչ միայն նրանց, այլև գրեթե բոլոր երկրների, հնարավոր է, ողջ մարդկության համար
11.11.2025 | 10:59

Ուկրաինական հակամարտությունը կամ, ավելի ճիշտ կլինի ասել, Արևմուտք- Ռուսաստան հակամարտությունը բախտորոշ նշանակություն ունի ոչ միայն Ռուսաստանի, Ուկրաինայի, Արևմուտքի, այլև աշխարհի գրեթե բոլոր կամ բոլոր պետությունների, հետևաբար ողջ մարդկության համար, ինչպես Առաջին աշխարհամարտը և Երկրորդ համաշխարհային պատերազմը: Այս դեպքում ինքնին հասկանալի է, որ նաև Հայաստանի և հայերիս համար: Այս իրողությունը մեզանում, ցավոք, քչերն են հասկանում:

Ընթերցողներից ոմանք գուցե հարցնեն՝ բայց ինչպե՞ս կարելի է Ուկրաինական հակամարտությունը համեմատել նախորդած երկու համաշխարհային պատերազմների հետ…

Կրկնեմ՝ այն, ինչ տեղի է ունենում այժմ, սոսկ ռուս- ուկրաինական հակամարտություն չէ, այլ Արևմուտք- Ռուսաստան լայնամասշտաբ հակամարտություն, որում այս կամ այն կերպ ընդգրկված են մի քանի տասնյակ պետություններ, ինչպես նաև միմյանց դեմ անմիջականորեն կռվում են մի քանի տասնյակ պետությունների քաղաքացիներ: Եվ հիշեցնեմ ՌԴ նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինի խոսքը ՝ «Բայց երբ այսօր խոսում ենք այն մասին, որ մենք կանգնած ենք Երրորդ համաշխարհային պատերազմի եզրին, որպես ռազմական մարդ, ես ուզում եմ ասել, որ այն, ըստ էության, առայժմ դեռ հիբրիդային տարբերակով արդեն սկսվել է»:

Մեծ Բրիտանիան ռազմական միջամտություն է ծրագրում Ուկրաինական հակամարտությանը

Մեծ Բրիտանիայի բանակը ծրագրում է իր զինվորականներին ուղարկել Ուկրաինա, այսպես կոչված, «խաղաղապահ գործողություններին» մասնակցելու համար:

«Բրիտանական բանակը դաշնակիցների հետ համատեղ կմասնակցի հետպատերազմյան Ուկրաինայում կամ այլ վայրերում խաղաղապահ գործողություններին և կօգտագործի ռազմական հնարավորությունների ողջ տիրույթը՝ կործանիչներից մինչև հետևակ»,- հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է բրիտանական «The Guardian» թերթը:

Միայն սա բավարար է արդեն, որ Ռուսաստանն այժմ չդադարեցնի ռազմական գործողությունները և շարունակի դրանք մինչև Կիևի վարչակարգի լիակատար և անվերապահ կապիտուլյացիան: Ահավասիկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի արտահայտած դիրքորոշումը. Ռուսաստանը մտադիր չէ Ուկրաինական հակամարտությունն ավարտել առանց դրա հիմնական պատճառները վերացնելու։

Օրերս «Ռոսօբորոնէքսպորտ»- ի 25- ամյակին նվիրված «Ռազմական ընդունարան» ծրագրի համար տված հարցազրույցում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Ուկրաինական հակամարտության ավարտն անհնար է առանց դրա արմատական պատճառներն արմատախիլ անելու և ռուսական շահերը հաշվի առնելու:

Մեծ Բրիտանիան, սակայն, պատրաստվում էր զինվորականներ ուղարկել Ուկրաինա նույնիսկ մինչև հակամարտության ավարտը, որոնք իբր ոչ թե անմիջականորեն մասնակցելու են մարտերին, այլ օգնելու են Ուկրաինայի զինված ուժերին մարտական գործողությունների կազմակերպման գործում։

Եթե Բրիտանիայի զինվորականները նույնիսկ անմիջականորեն չմասնակցեն մարտերին, ինչին դժվար է հավատալ, ապա միայն Ուկրաինայի զինված ուժերին մարտական գործողությունների կազմակերպման գործում օգնելն արդեն իսկ կլինի մարտական գործողություններին մասնակցում, բնականաբար, վաստակելով Ռուսական բանակի կործանարար հարվածը: Թե ի՞նչ կլինի դրանից հետո, ՆԱՏՕ- իանդամ Բրիտանիան կգնա՞ ՌԴ- ի հետ անմիջական ռազմական բախման, ինչ մասշտաբներ կունենա այդ բախումը և ինչի՞ կհանգեցնի, երկուստեք միջուկային զենք կօգտագործվի՞ այդ բախման ընթացքում, ընթերցողներից յուրաքանչյուը կարող է ենթադրել կամ եզրակացնել յուրովի:

Բրիտանիան ՆԱՏՕ-ին դրդում է Արկտիկայում Ռուսաստանի հետ պատերազմի

Մեծ Բրիտանիան ակտիվորեն պատրաստվում է Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության։ Ինչպես հայտնել է ամերիկյան պարբերականներից «Politico»- ն, Նորվեգիայի Բուդե քաղաքում բրիտանացի ռազմական պլանավորողները զորավարժություններ են անցկացնում՝ մշակելով արկտիկական շրջանում Մոսկվայի հետ ուղիղ բախման դեպքում գործողությունների սցենարներ:

«Politico»- ի տվյալներով՝ Լոնդոնն իր վրա է վերցնում հեռավոր Հյուսիսում ՆԱՏՕ- ին պատերազմի նախապատրաստելու առանցքային դերակատարի դերը: Այդ տարածքը, ինչպես գրում է պարբերականը, վերջին տարիներին աճող լարվածության ասպարեզ է։ Պաշտոնական Լոնդոնն ուղղակիորեն հայտարարում է իր մտադրությունների մասին. Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին ընդգծել է երկրի առաջատար դերը Արկտիկայի հարցում:

Ավելի վաղ «Financial Times»- ը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովը ԵՄ- ի և ՆԱՏՕ- ի երկրների իշխանությունների հետ համատեղ ձեռնամուխ է եղել տրանսպորտային պլանի մշակմանը: Դրա նպատակն է Ռուսաստանի հետ հնարավոր զինված հակամարտության դեպքում համակարգել անդամ երկրների միջև ռազմական տեխնիկայի տեղափոխումը, ինչպիսիք են տանկերը և ծանր հրետանին: Նախաձեռնության շրջանակներում քննարկվում է բեռնատարների, երկաթուղային վագոնների և լաստանավերի համատեղ օգտագործման մեխանիզմի ստեղծումը՝ Եվրոպայում զորքերի և սպառազինությունների արագ տեղափոխման համար:

ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինական հակամարտության սրման հաջորդ փուլը

Ուկրաինական հակամարտության սրման հաջորդ փուլը, ԱՄՆ- ի Պետդեպարտամենտի նախկին դիվանագետ Ջիմ Ջատրասի կարծիքով, կարող է դառնալ Ռուսաստանի դեմ «Таурус» հեռահար հրթիռների կիրառումը:

YouTube- յան ալիքին տված հարցազրույցում փորձագետը հայտարարել է, որ դա օրինաչափ քայլ կլինի ռազմական դիմակայության սաստկացման գործում:

Ջատրասը նշել է, որ Արևմուտքի մոտ իրավիճակը սրելու բազմաթիվ այլ միջոցներ կան։ Մասնավորապես, նա չի բացառել սադրանքների կազմակերպումն ուրիշի դրոշի ներքո՝ ենթադրելով, որ նման սցենարներ կարող են մշակվել բրիտանական MI- 6 հետախուզական ծառայության կողմից:

«Այժմ ամենահավանական սցենարը հեռահար ինչ- որ հրթիռների օգտագործումն է,- ասել է փորձագետը։- Կարծում եմ, գլխավոր իրադարձությունը կարող է լինել գերմանական «Taurus» հրթիռների կիրառումը, ինչը կլինի ռազմական էսկալացիայի հաջորդ նշանակալի փուլը»:

Ավելի վաղ Գերմանիան կրկին մերժել էր Կիևին «Taurus» թևավոր հրթիռներ մատակարարել, սակայն, միաժամանակ, Թրամփի առաջարկած PURL ծրագրի շրջանակներում 500 մլն եվրո է հատկացրել ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու և Կիևին հատկացնելու համար:

Գերմանիայից բացի, վերոնշյալ նպատակով խոշոր ֆինանսական միջոցներ են հատկացրել, օրինակ, Նիդեռլանդները, Դանիան, Նորվեգիան, Շվեդիան և Կանադան:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 212

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ